Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Մեր հարցի լուծումը պետք է լինի ամենահզոր ուժերի ինչ-որ կոմպրոմիսի հետևանք

Մեր հարցի լուծումը պետք է լինի ամենահզոր ուժերի ինչ-որ կոմպրոմիսի հետևանք
08.01.2026 | 18:24

Մեր բազմաթիվ «վերլուծաբանների» և սակավաթիվ, շատ թե քիչ հասկացող, սակայն մտասևեռվածների մոտեցումների հիմքում՝ դեպի ռուս-թուրք դիլեման, պետք է ընկած լինի այն հանգամանքը, որ թուրքը վերջին 150 տարվա ընթացքում ուզեցել է ոչնչացնել մեզ ու ոչնչացրել է, ինչքան կարողացել է և հիմա էլ շարունակում է նույնը։

Թուրքի այս վերաբերմունքը մեր նկատմամբ ունի իր հստակ տրամաբանությունը, այն, որ մենք սկզբունքորեն խանգարում ենք նրանց ծավալապաշտական պլաններին։

Բացի դրանից, մենք միակ ժողովուրդն ենք, որի Հայրենիքը նաև նրանց վաթանն է, այստեղից էլ նրանց ատելությունը դեպի մեզ և ամեն գնով մեզնից ազատվելու ցանկությունն ու համոզվածությունը նաև, որ մենք էլ նույն ուժով ատում ենք իրենց։

Այսինքն, ապրելու մեր ձգտումը և մեզ ոչնչացնելու նրանց ձգտումը անհնարին են դարձնում համատեղ կյանքը։

Իսկ ինչ վերաբերում է ռուսներին, ապա, ընդհանուր առմամբ, վերջին մոտավորապես 250 տարվա ընթացքում մեզ հետ կապված նրանց գործողությունների 90 և ավելի տոկոսը եղել է մեր օգտին, իսկ դրանց մոտավորապես 10 տոկոսը, ելնելով իրենց կայսերական շահերից, մեր օգտին չեն եղել։

Բայց, մյուս կողմից էլ, ռուսները մեզ համար, իհարկե, իրենց շահերից ելնելով, արել են բաներ, որոնց մասին մենք երազել ենք երկար դարեր՝ ազգային օջախ են ստեղծել մեզ համար, և ցարական Ռուսաստանի պայմաններում է, որ մենք, ոտքի կանգնելով, աստիճանաբար հզորացել ենք, բազմապատկելով մեր թիվը, տնտեսապես ու ֆինանսապես, ինչպես նաև կուլտուրապես ունեցել ենք աննախադեպ առաջադիմություն։

Նույնը խորհրդային իշխանության ժամանակ, երբ անցյալ դարի 50-80-ական թվերին մենք ունեցանք բազմակողմանի վերածնունդ։

Վերը բերվածները փաստեր են, որոնց շարքը կարելի է երկարացնել, բայց այսքանն էլ բավական է մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ հստակ ու միարժեք եզրակացությունների հանգելու համար։

Այս փաստերն այնքան խոսուն են, որ դրանց հիման վրա ռուսներին դուրս բերել մեզ թշնամի, իսկ թուրքերի հետ էլ չբացառել բարեկամանալու հնարավորությունը, բացառապես ազգակործան դեմագոգիա է։

Այստեղ նույն դեմագոգները կասեն, որ իրենք դեպի թուրքերը չեն գնում, այլ՝ դեպի եվրոպաները, որն էլ պատմական փաստերով բազմիցս ապացուցված և մեզ շատ սազական հեքիաթների ժանրից է։

Մյուս կողմից էլ, քաջաբար տեղից վեր կացող ու բոլոր թշնամիներին հաղթող քաջերին պետք է հասկացնել, որ, տասնյակ այլ կրիտիկական վիճակների նման, հիմա էլ մեզնից ոչինչ կախված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ թշնամիների ջրաղացին ենք կամավոր ջուր լցնում։

Միարժեքորեն, մեր հարցի ինչ-որ ձևի լուծումը պետք է լինի ամենահզոր ուժերի ինչ-որ ձևի կոմպրոմիսի հետևանք, եթե, իհարկե, այդ կոմպրոմիսը հնարավոր լինի, քանի որ առայժմ միջազգային լարվածությունն աճում է։

Եվ այդ աճը կշարունակվի դեռ այնքան ժամանակ, մինչև որ ապագա բլոկային աշխարհաքաղաքականությունը, գոնե իր կոնտուրային տեսքով, շատ թե քիչ հայտնի չդառնա։

ԱՄՆ-ի գործողություններն էլ Վենեսուելայում ցույց տվեցին, որ աշխարհը գտնվում է նշված բլոկային քաղաքականության նախնական փուլում, դրան էլ ավելացրած մեր Սյունիքի պրոբլեմը, որը ևս օդից կախված և անորոշ վիճակում է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ